Wikiversity

DAX-ը (Deutscher Aktienindex) Գերմանիայի ամենակարևոր ֆոնդային ինդեքսներից մեկն է։ Ինդեքսը հաշվարկվում է որպես Գերմանիայի 40 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի կշռված միջին։ DAX-ը բրիտանական FTSE 100-ի և ամերիկյան Dow Jones-ի համարժեքն է։

DAX-ը ստեղծվել է 1988 թվականի հուլիսի 1-ին՝ 1000 միավոր մեկնարկային արժեքով[1]։ Ցուցանիշը հաշվարկվել է Deutsche Börse AG-ի կողմից։

2020 թվականի նոյեմբերի 24-ին Deutsche Börse-ն հայտարարել է տասը լրացուցիչ բաղադրիչներով ինդեքսի ընդլայնման մասին, որպեսզի ավելի լիարժեք արտացոլի Գերմանիայի տնտեսության ժամանակակից կառուցվածքը։ Ընդլայնումը տեղի ունեցավ 2021 թվականի երրորդ եռամսյակում[2]։

Ինդեքսի հաշվարկում

2016 թվականի հունվարից ինդեքսը հաշվարկվում է ամեն առևտրային օր՝ Կենտրոնական եվրոպական ժամանակով սկսած 9։06-ից։ DAX-ը հաշվարկելիս օգտագործվում են XETRA էլեկտրոնային բորսայի բաժնետոմսերի գները[3]։

Էթյեն Լասպեյրեսի բանաձևի վրա հիմնված հաշվարկի համար ընտրված ցուցակված ընկերությունների բաժնետոմսերի գները կշռված են ըստ դրանց շուկայական կապիտալիզացիայի[4]։

Հաշվի են առնվում միայն այն բաժնետոմսերը, որոնք գտնվում են ազատ շրջանառության մեջ։ Եթե ընկերության կապիտալը բաժանված է մի քանի տեսակի բաժնետոմսերի (օրինակ՝ սովորական բաժնետոմսեր և արտոնյալ բաժնետոմսեր), ապա օգտագործվում է ավելի բարձր իրացվելիություն ունեցող բաժնետոմսերի տեսակը[5]։

Ընտրության չափանիշներ

2021 թվականի սեպտեմբերից ընկերությունները իրավունք ունեն ընդգրկվելու DAX-ում միայն մեկ հիմնական չափանիշով՝ բաժնետիրական ընկերության շուկայական կապիտալիզացիան[6]։ Հաշվի է առնվում բոլոր բաժնետոմսերի ընդհանուր արժեքը, որոնք գտնվում են ազատ շրջանառության մեջ, այլ ոչ թե ռազմավարական ներդրողների ձեռքում։ Նախկին մյուս չափանիշները, օրինակ՝ այս արժեթղթերով առևտրի ակտիվությունը, անհետացել են։

Բացի այդ, ներդրվել է նոր խիստ պայման. DAX 40-ի թեկնածուները պետք է ունենան առնվազն երկու տարվա շահույթ, ինչպես նաև պարբերաբար ներկայացնեն ոչ միայն տարեկան և կիսամյակային, այլև եռամսյակային աուդիտի ենթարկված հաշվետվություններ[7]։

Բաժնետոմսը կարող է բացառվել ինդեքսից վերահաշվարկի ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածում, եթե դրա կշիռը գերազանցում է 10%-ը, իսկ բաժնետոմսի 30-օրյա պատմական անկայունությունը գերազանցում է 250%-ը[8]։

Ծանոթագրություններ

  1. «Looking back on 30 years of DAX». dw.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  2. «DAX Stock Index». investopedia.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Pulse Online: DAX Index Grows to 40 Constituents – Looking at Impact on Market Cap and Liquidity». xetra.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  4. «DAX». memim.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  5. «DAX – benchmark and barometer for the German economy». deutsche-boerse.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  6. «DAX Technical Analysis». comparebrokers.co. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  7. «DAX with 40 constituents and additional criteria». boerse-frankfurt.de. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  8. «New DAX index rules to strengthen qualification criteria, adopt international standards». qontigo.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.