LIMSwiki

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նովել (այլ կիրառումներ)

Նովել, նորավեպ (իտալ.՝ novella - «նորություն»), պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ[1]։ Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Նովելը ձևավորվել է վաղ Վերածնության շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակության բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։

Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։

Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել Մոպասանը, Օ'Հենրին, Չեխովը, Մերիմեն։ Հայ գրականության մեջ մեծարժեք նորավեպեր են գրել Գրիգոր Զոհրապը («Զաբուղոն», «Ռեհան», «Ճեյրան», «Ճիտին պարտքը», «Այինկա», «Երջանիկ մահը», «Մեղա՜ տեր» և այլն), Ստ. Զորյանը («Վճռական մարդը», «Ցանկապատ», «Պապն ու թոռը», «Երկաթուղին» և այլն)։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 222-223։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 343