Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Սակուրակայ (ճապ․՝ 桜会), ուլտրաազգայնական գաղտնի կազմակերպություն, որը հիմնադրել են ճապոնական բանակի երիտասարդ սպաները 1930 թվականի սեպտեմբերին։ Կազմակերպության նպատակն էր փոխել պետության քաղաքականությունը դեպի միլիտարիզմ և տոտալիտարիզմ, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պետական հեղաշրջման[1]՝ ի պատասխան իշխանության բարձրագույն կարգերում տիրող կոռուպցիայի[2]։ Սակուրակայի հայտարարած նպատակը եղել է «Սյովայի վերականգնումը» (昭和維新), որը Հիրոհիտոյին կդարձներ ռազմական բռնապետ, քաղաքական կուսակցություններից և բյուրոկրատներից ազատ[3]։
Սակուրական գլխավորել են փոխգնդապետ Կինգորո Հասիմոտոն, այն ժամանակ՝ բանակի գլխավոր շտաբում ռուսական դեպարտամենտի նախկին պետը ու Իսամու Տյոն, Սադաո Արակիի աջակցությամբ։ Ի սկզբանե կազմակերպությունն ունեցել է տասը անդամ, նրանք բոլորը բանակի գործող ավագ սպաներ էին, ավելի ուշ նրանց միացել են ավագներ ու կրտսեր սպաներ, և 1931 թվականի փետրվարին կազմակերպությունում եղել է մոտ 50 մարդ, իսկ հոկտեմբերին նրանց թիվը հասել է, ենթադրաբար, մի քանի հարյուրի[4]։ Սակուրակայայի հայտնի անդամներից մեկը եղել է Ճապոնիայի ապագա վարչապետ Կունիակի Կոիսոն։
1931 թվականին Սակուրակայը փորձել է հեղաշրջում իրականացնել երկու անգամ՝ մարտին և հոկտեմբերին։ Հոկտեմբերյան միջադեպի տապալման հետևանքով առաջնորդների ձերբակալությունից հետո կազմակերպությունը փլուզվել է, իսկ նրա շատ անդամներ տեղափոխվել են Թոսեյխա բանակային խմբավորում։