FAIR and interactive data graphics from a scientific knowledge graph
Բովանդակություն
Օրացույց | |||
---|---|---|---|
Այլ օրացույցներ | |||
Ասորական · Արմելինի · Արևելասլավոնական · Ացտեկների · Բահաի · Բենգալական · Բուդդայական · Բաբելոնյան · Բյուզանդական · Գիլբուրդի · Գրիգորյան · Դարիական · Եթովպիական · Եռասեզոն · Զորոաստրիական · Թամիլական · Թայվանական՝ լուսնային, արևային · Թուրքմենական · Ինկերի · Իռլանդական · Իսլամական · Իրանական · Խակասական · Խորհրդային · Կայուն · Հայկական՝ հին հայկական, քրիստոնեական · Հարապպայի · Հին հունական · Հին եգիպտական · Հին հնդկական · Հին պարսկական · Հին սլավոնական · Հնդկական · Հոլոցենյան · Հռոմեական · Հրեական · Հուլյան · Կելտական · Ղրղզական · Չինական · Կոնտի · Կոպտական · Ճապոնական · Ճավայական · Մալայական · Մայաների · Մասոնական · Մինգո · Նեպալյան · Նոր հուլյան · Չուչխեների · Պրոլեպտական՝ հուլյան, գրիգորյան · Շվեդական · Շումերական · Վիետնամական · Վրացական · Ռումինական · Սիմետրիկ · Տիբեթյան · Տուվայական · Քանանական · Ֆրանսիական |
Օրացույց, օրերը խմբավորելու եղանակ, որ մարդկանց անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։ Այն ժամանակի հաշվարկման համակարգ է, որը հիմնված է երկրային մարմինների (արևային օրացույցներում՝ Արևի շուրջը Երկրի, լուսնային օրացույցներում՝ Լուսնի տեղաշարժի վրա, իսկ լուսնա-արևային օրացույցներում հաշվի են առնվում այդ երկուսը միաժամանակ։ Օրացույց է կոչվում նաև տեղեկատու հրատարակությունը (գրքույկի, տախտակի և այլնի ձևով), որի մեջ հերթականորեն թվարկված են տարվա բոլոր օրերը, տոներն ու հիշատակի օրերը, ինչպես և որոշ լրացուցիչ տեղեկություններ[1][2]։
Պատմություն
Առաջին օրացույցներն ստեղծվել են որպես կենսական անհրաժեշտություն եղանակի ցիկլային ու կանխատեսվող փոփոխությունների պայմաններում։ Նեբտա Պլայայում (ժամանակակից Եգիպտոսի տարածք) մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է հավանաբար առաջին տարեկան «օրացուցային շրջանը», որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։ Այդ օրացույցը ցեղերին օգնել է որոշել թե երբ պետք է սկսվի ու ավարտվի անձրևների սեզոնը, որը անապատային տարածքը վերածում էր անասունների արոտավայրի համար պիտանի փթթուն սավաննայի։ Մոտավորապես այդ ժամանակ էլ ժամանակակից Գերմանիայի տարածքում ստեղծվել է այսպես կոչված Գոզեկի շրջանը, որի հաշվարկան համար հիմք է ծառայել ձմեռային արևադարձը[3]։
Հին եգիպտական օրացույցում տարին եղել է Սիրիուսի երկու հաջորդական գալակտիկական ծագումների միջև ընկած ժամանակահատվածը։ Հին Եգիպտոսում օրացույցի հայտնվելու պատճառը եղել են Նեղոսի հորդացումները, որոնց միջև ընկած են եղել հավասար ժամանակամիջոցներ, որ մոտավորապես հավասար են եղել մեկ տարվա։ Այդ հորդացումները պատճառ են դարձել բերքի ոչնչացման, եթե այն ժամանակին չի հավաքվել, և բերել են բարեբեր հող։ Ելնելով այդ հանգամանքներից՝ տնտեսության հաջող վարման համար անհրաժեշտություն է առաջացել նախօրոք որոշակի ճշգրտությամբ իմանալ, թե երբ պետք է տեղի ունենա հորդացումը։
Յուրաքանչյուր ժողովուրդ օգտագործել է պատմական դեպքերի թվագրման իր համակարգը։ Ոմանք փորձել են տարիների հաշվարկն սկսել աշխարհի ստեղծումից. հրեաներն այն թվագրել են մ.թ.ա. 3761 թվականով, ալեքսանդրյան ժամակագրությունն աշխարհի ստեղծման ամսաթիվը համարել է մ.թ.ա. 5493 մայիսի 25-ը։ Հռոմեացիները տարիների հաշվարկն սկսել են Հռոմի առասպելական հիմնադրումից (մ.թ.ա. 753)։ Պարթևները, բյութանիացիները և սելևկյանները տարիների հաշվարկն սկսել են առաջին թագավորի գահակալումից, եգիպտացիները՝ ամեն հաջորդ արքայատոհմի գահակալումից։ Իր օրացույցն է ստեղծել նաև համաշխարհային կրոններից յուրաքանչյուրը. ըստ բյուզանդական օրացույցի՝ գրիգորյան օրացույցի 2024 թվականի սեպտեմբերի 14-ից սկսվում է 7533 թվականը՝ սկսած «աշխարհի արարումից», ըստ իսլամական օրացույց՝ Հիջրայի 1440 թվականը (2018 թվականի սեպտեմբերի 11-ից), ըստ բուդդայական օրացույցի՝ Նիրվանայի 2567 թվականն է, իսկ ըստ բահաի օրացույցի՝ 180 թվականը։
Ռուսաստանում գործող տարիների հաշվարկը, որ սկսվել է «աշխարհի արարումից», Քրիստոսի ծննդից սկսած հաշվարկով փոխարինվել է Պետրոս I-ի կողմից 1700 թվականի հունվարի 1-ին։ Խորհրդային Ռուսաստանում գրիգորյան օրացույց ներդրվել է 1918 թվականի փետրվարի 14-ին։ 1930-1940 թվականներին օգտագործվել է խորհրդային հեղափոխական օրացույցը։
Մի թվականությունից մյուսին ամսաթիվը փոխելը կապված է որոշակի դժվարությունների հետ, որովհետև տարբեր համակարգերում տարին ունի տարբեր տևողություն և սկսվում է տարբեր ամսաթվերի։
Տարվա հաշվարկը հունվարի 1-ից սկսելու ավանդույթը ներմուծվել է Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 45 թվականին (հուլյան տոմար)[4]։
Հուլյան տոմարը տարվա միջին տևողությունը սահմանել է 365,25 օր. սովորական տարին տևում է 365 օր, իսկ չորս տարին մեկ անգամ նահանջ տարի)՝ 366 օր։
Հուլյան տոմարի զարգացումն է գրիգորյան օրացույց (նոր տոմար)։ Այն ներմուծվել է Գրիգորիս XIII Հռոմի պապի կողմից 1582 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինելով հուլյան տոմարին (հին տոմար)։ Գրիգորիս XIII-ի իրականացրած բարեփոխումը, որ ընդունվել է կաթոլիկ երկրների մեծ մասի կողմից, բաղկացած է եղել երկու մասից.
- Վերացել է 10 օրվա սխալը, որ կուտակվել էր I Տիեզերական ժողովից (325 թվական) հետո, որտեղ սահմանվել էին քրիստոնեական Զատկի օրը որոշելու կանոնները։ Գոյություն ունի սխալ կարծիք, թե Գրիգորիս XIII-ն ուղղել է այն սխալը, որ կուտակվել էր հուլյան տոմարի սահմանման օրվանից, բայց այդ դեպքում տարբերությունը կկազմեր 12 օր։ Բարեփոխման նպատակն է եղել իրական գարնանային արևադարձի օրը (Զատկի սահման) «վերադարձնել» մարտի 21-ը, ինչպես եղել է Նիկիայի ժողովի ժամանակ։
- Ապագայի համար ներմուծվել է ուղղում, որն ապահովել է ավելի ստույգ համապատասխանություն արևային հաշվարկման հետ. դրա էությունն այն է, որ յուրաքանչյուր 400 տարին մեկ պետք է հանվեն երեք նահանջ տարիներ։ Այդպիսով՝ մեկ օրվա սխալը կուտակվում է միայն 3333 տարի անց։ Չորս դարը մեկ անգամ երեք նահանջ տարիները հանելը կատարվում է ըստ հետևյալ կանոնի։ Եթե տարեթիվը չի վերջանում երկու զրոյով, այն համարվում է նահանջ տարի այն ժամանակ, երբ տարեթիվը չորսի բազմապատիկ է (օրինակ՝ 1996, 2004, 2008 թվականներ)։ Եթե տարեթիվը վերջանում է երկու զրոյով, ապա այն նահանջ է միայն այն ժամանակ, եթե նրա հարյուրյակների թիվը նույնպես չորսի բազմապատիկ է (օրինակ՝ 1600, 2000, 2400 թվականներ)։ Մյուս բոլոր դեպքերում տարին համարվում է ոչ նահանջ (օրինակ՝ 1900 և 2100 թվականները)։ Երկու զրոյով ավարտվող տարեթվով տարվա նահանջ լինելը գրիգորյան օրացույցի և հուլյան տոմարի հիմնական տարբերությունն է։
Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 16-17-րդ դարերում կազմել է 10 օր, 18-րդ դարում՝ 11 օր, 19-րդ դարում՝ 12 օր։ 20-21-րդ դարերում այդ տարբերությունը կազմում է 13 օր։ 2100 թվականի մարտի 15-ից տարբերությունը կկազմի 14 օր։
Հայկական օրացույց
Հին եգիպտական օրացույցի հասակակիցն է հայկական առաջին օրացույցը։ Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Հետագայում տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի։
Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, ըստ որի՝ տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր։ Այժմ էլ տարբեր երկրներում տպագրվող որոշ հայկական օրացույցներ, ժամանակակից օրացույցին զուգահեռ, օգտագործում են նաև Բուն Հայկական օրացույցը։ Օրինակ՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով հաշվելու համար անհրաժեշտ է նրան գումարել 2492. 2008+2492=4500. նշանակում է՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով 4500 թ. է, որը խոշոր իրադարձություն է։
Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան (Մեհեկի), Արեգ, Ահեկան (Ահեկի), Մարերի, Մարգաց, Հրոտից, 13-րդ ամիսը կոչվել է Ավելյաց։
Յուրաքանչյուր ամսվա օր ունեցել է իր անվանումը՝ հիմնականում հեթանոսական աստվածների և սրբավայրերի անուններով. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ (Գրգոռ), Կորդի (Կորդուիք), Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սեին (Սիմ), Վարագ, Գիշերավար։
Անվանումներ են ունեցել նաև Ավելյաց ամսվա օրերը. Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախույր, Ծկրավորի։
Հայերը հնում անվանումներ են տվել նաև օրվա 24 ժամերից յուրաքանչյուրին, ըստ որի ցերեկային ժամերն էին. Այգ, Ծայգ, Զորացեալ, Ճառագայթեալ, Շառավիղեալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրաթափեալ (Հուր փայլեալ), Թաղանթեալ, Արագոտն, Արփող։ Գիշերային ժամերն էին. Խավարակ, Աղջամուղջ, Մթացեալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափեալ (Հավաթափեալ), Գիզակ, Լուսական, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։
Մեզանում Բուն Հայկական օրացույցի թվականից բացի, ստեղծել են նաև այլ օրացույցներ։ 584 թ-ին հայերն ընդունել են նոր, ճշտված օրացույց, որը կոչվում է Հայոց մեծ թվական։ Ըստ այդ օրացույցի՝ առաջին տարին սկսվում է 552 թ-ի հուլիսի 11-ից։ Այս թվականով են թվագրված հիմնականում միջնադարում ստեղծված հայկական ձեռագրերը, և ճիշտ տարեթիվը հաշվելու համար Հայոց մեծ թվականին պետք է ավելացնել 552 կամ 553 թվերը։ 1085 թվականին հայերն ստեղծեցին մեկ այլ օրացույց ևս, որը ստեղծողի՝ Հովհաննես Սարկավագի անունով կոչվեց Սարկավագադիր թվական։
Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում։
Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները (1775 թ-ից)։
Օրացույցում օգտագործվող միավորներ
Օր
Օրը ժամանակի չափման միավոր է, մոտավորապես հավասար է Երկիր մոլորակի՝ իր առանցքի շուրջը պտույտի պարբերությանը։
Սովորաբար օր ասելով հասկանում են «արևային օր» աստղագիտական հասկացությունը։ Օրը բաժանվում է 24 ժամի։
Օրացուցային օրերը կազմում են շաբաթներ, ամիսներ, տարիներ։
Շաբաթ
Շաբաթը ժամանակի միավոր է, այն ավելի մեծ միավոր է, քան օրը, և փոքր է ամսից։ Յոթնօրյա շաբաթը հաստատուն չէ, օրինակ՝ Չինաստանում Շան դարաշրջանում ծիսական շաբաթը բաղկացած էր 10 օրից։
Յոթնօրյա շաբաթն առաջին անգամ շրջանառվել է Հին Արևելքում (Բաբելոնում)[5]։ 1-ին դարում դրանից սկսել են օգտվել Հռոմում, որտեղից էլ այն տարածվել է ամբողջ Արևմտյան Եվրոպայում։
Ժամանակակից օրացույցների մեծ մասում, ներառյալ Գրիգորյան օրացույցում և ժամանակի հուդայական-քրիստոնեական հաշվարկի վրա չհիմնված օրացույցներում, շաբաթը ներառում է 7 օր, ինչի շնորհիվ այն դարձել է ժամանակի ամենատարածված միավորը՝ պարունակելով օրերի ճշգրիտ քանակ։ Շաբաթը չունի աստղագիտական անմիջական հիմքեր, այն լայնորեն օգտագործվում է որպես ժամանակի միավոր։
Հին եգիպտացիների մոտ շաբաթը տասնօրյա էր (դեկադներ)։
Մայաների շաբաթը բաղկացած էր 13 օրից, նրանք ունեին նաև 20 օրից կազմված շաբաթ (երկուսն էլ Ցոլկինի օրացույցում)։
եվրոպական գաղութացման և դրան հաջորդած գլոբալացման շնորհիվ յոթնօրյա շաբաթն սկսվել է կիրառվել ամենուր, նույնիսկ այն մշակույթներում, որոնք նախկինում չեն ունեցել ժամանակի այդպիսի միավոր։
Կան օրացույցներ, որոնք մշակված են այնպես, որ յուրաքանչյուր ամսաթիվ ամեն տարի լինում է շաբաթվա նույն օրը։ Դրան կարելի է հասնել, եթե շաբաթը տարվանից կախված լինի, միաժամանակ տարվա մեջ մի քանի օր ոչ մի շաբաթվա չպատկանի։ Այսպես, օրինակ, մշտական օրացույցի նախագծերը կազմված են 52 շաբաթից և մեկ կամ երկու օրից, իսկ Ֆրանսիական հեղափոխական օրացույցը կազմված է 10 օրից բաղկացած 36 շաբաթներից և 5 կամ 6 լրացուցիչ օրերից։ Տարին նույնպես կարող է կախված լինել շաբաթվանից, այսպես, նախկինում իսլանդական օրացույցը կազմված էր 52 կամ 53 շաբաթից։ Շաբաթվա դասական օրերն են՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի։
Օրացուցային համակարգեր
Օրացույցի հիմնական միավորներն են օրերը, ամիսներն ու տարին։ Դրանց համաձայնեցման արդյունքում ստեղծվել են երեք օրացուցային համակարգեր՝ լուսնային օրացույցներ, որոնցում ամիսը պայմանավորվում է Լուսնի փուլերով, լուսնա-արևային օրացույցներ, որոնցում տարին և ամիսը պայմանավորվում են Լուսնի փուլերով և Արևի շուրջը Երկրի պտույտով, արևային օրացույցներ՝ որոնցում տարին պայմանավորվում է Արևի շուրջը երկրի պտույտով։
Լուսնային օրացույց
Սինոդիկ ամսվա միջին տևողությունը կազմում է 29,53059 օր։ Այդ պատճառով օրացուցային ամիսը պարունակում է 29 կամ 30 օր։ Լուսնային օրացույցներում տարվա տևողությունը հավասարեցվում է 12 ամսվա։ Դրան համապատասխան՝ լուսնային տարվա տևողությունը կազմում է 12 × 29,53059 = 354,36708 օր։ Օրացուցային տարում կարող է լինել 354 օր՝ սովորական տարի կամ 355 օր՝ նահանջ տարի։ Օրացուցային տարվա միջին տևողության և լուսնային տարվա տևողության հավասարեցման համար անհրաժեշտ է նահանջ տարիների ներդրման համակարգ։
Լուսնային տարին կապված չէ Արևի շուրջը Երկրի պտույտի հետ, այդ պատճառով ամեն տարի լուսնային օրացույցի և արևային օրացույցի տարբերությունը կազմում է 365,24222-354,36708 = 10,87514 օր։ Մոտավորապես 34 արևային տարին մեկ լինում է մեկ ավելորդ լուսնային տարի։
Լուսնի փուլերի փոփոխությունն ամենահեշտ դիտարկվող երկնային երևույթներից մեկն է։ Այդ պատճառով էլ բազմաթիվ ժողովուրդներ օգտագործել են լուսնային օրացույց։ Ժամանակի ընթացքում լուսնային օրացույցը դադարել է բավարարել բնակչության պահանջները, քանի որ երկրագործական աշխատանքները կապված են տարվա եղանակների հերթագայության, այսինքն՝ Արևի շուրջը Երկրի պտույտի հետ։ Դրա հետևանքով լուսնային օրացույցները, հազվադեպ բացառություններով, փոխարինվել են լուսնա-արևային կամ արևային օրացույցներով։
Լուսնային օրացույցի անհարմարություններից է նաև այն հանգամանքը, որ սինոդիկ ամսվա տևողությունն անընդհատ փոխվում է 29d6h15m մինչև 29d19h12m, ինչի պատճառը Լուսնի բավական բարդ շարժումն է ուղեծրով։
Ամսվա սկիզբը լուսնային օրացույցներում համընկնում է նեոմենիայի հետ (նորալուսնի առաջին հայտնվելը մայր մտնող արևի շողերում)։ Այդ երևույթը հեշտ է դիտարկվում, ի տարբերություն նորալուսնի։ Նեոմենիան նորալուսնից հետ է մնում 2-3 օր։ Ընդ որում՝ այդ ժամանակի փոփոխությունը կախված է տարվա եղանակից, դիտման լայնությունից և սինոդիկ ամսվա ընթացիկ տևողությունից։ Դրա պատճառով հնարավոր չէ նույն օրացույցն օգտագործել տարբեր երկրներում։
Լուսնա-արևային օրացույց
Սինոդիկ ամսվա միջին տևողությունը կազմում է 29,53059, իսկ արևադարձային տարում՝ 365,24220 օր։ Արևադարձային տարին ունի 12,36827 սինոդիկ ամիս, այսինքն՝ օրացուցային տարին կարող է կազմված լինել 12 (սովորական տարի) կամ 13 օրացուցային ամիսներից։ Օրացուցային տարվա միջին տևողությունն արևադարձային տարվա տևողությանը մոտ լինելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ամիսների ավելացման համակարգ։
Լուսնա-արևային օրացույցներում, լուսնային օրացույցների նման, ամսվա սկիզբը համընկնում է նեոմենիայի։
Արևային օրացույց
Արևադարձային տարվա տևողությունը կազմում է 365,24220 տարի։ Օրացուցային տարին արևային օրացույցում պետք է կազմի 365 (սովորական տարի) կամ 366 օր (նահանջ տարի)։ Օրացուցային տարվա տևողությունն արևադարձային տարվա տևողությանը մոտեցնելու համար գործում է նահանջ տարիների համակարգը։
Հուլյան օրացույցում նահանջ տարիների ներմուծումը կատարվում է յուրաքանչյուր չորս տարին մի անգամ մեկ օր ավելացնելով։ 400 տարվա ընթացքում ավելացվում է հարյուր օր, իսկ տարվա միջին տևողությունը կազմում է 365,25 օր։ Այդպես տարվա միջին տևողությունը հուլյան օրացույցում 0,00780 օրով ավել է արևադարձային տարուց, ինչը 128 տարվա ընթացքում կուտակվում է և կազմում մեկ օրվա սխալ և գարնանային արևադարձի օրը խախտվում է։
Բազմիցս փորձեր են արվել զարգացնել հուլյան օրացույցը։ Նոր օրացույցը պետք է լիներ ավելի ստույգ և քիչ տարբերվել հուլյանից։ Գրիգորյան օրացույցում նահանջ տարիներն ավելացվում է գրեթե առանց փոփոխության. ավելացվել է մի կանոն, ըստ որի՝ նահանջ տարիներ են միայն դարավերջի այն տարիները, որոնց տարեթվի հարյուրյակների թիվը բաժանվում է չորսի առանց մնացորդի։ 400 տարվա ընթացքում լինում է 97 նահանջ տարի, իսկ տարվա միջին տևողությունը կազմում է 365,24250 օր։ Մեկ օրվա սխալ կուտակվում է մոտավորապես 3300 տարվա ընթացքում։
Հուլյան օրացույցի զարգացման մեկ այլ տարբերակ է նոր հուլյան օրացույցը, որում նահանջ տարիների հերթագայությունը նույնն է, բայց ավելացվել է լրացուցիչ կանոն, ըստ որի՝ նոր հուլյան օրացույցում յուրաքանչյուր 900 տարին մեկ հանվում է 7 օր։ Դարավերջի տարին համարվում է նահանջ, եթե նրա տարեթիվը 900-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2 կամ 6։ Օրացույցի ցիկլը կազմում է 900 տարի, որի ընթացքում լինում է 218 նահանջ տարի։ Օրացույցի տարվա միջին տևողությունը կազմում է 365,24222 օր, ինչի արդյուքում մեկ օրվա սխալ կուտակվում է մոտավորապես 50 000 տարվա ընթացքում։
Ծանոթագրություններ
- ↑ Էդվարդ Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976։
- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1980։
- ↑ François Bertemes: Die Sonne und ihre Bedeutung im religiös-mythologischen Kontext der Urgeschichte Mitteleuropas. In: Andrea Bärnreuther (Hrsg.): Die Sonne. Brennpunkt der Kulturen der Welt. Minerva, Berlin 2009, ISBN 978-3-938832-49-3, S. 94-126(գերմ.)
- ↑ Климишин И. А. Календарь и хронология. — 3-е изд. — М.: Наука, 1990. — С. 288—289. — 478 с. — 105 000 экз. — ISBN 5-02-014354-5
- ↑ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, «Կիրակնօրյա հանգիստ» հոդված։
Գրականություն
- Витковский В. В., — (1890–1907). «Календарь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Календарь // Энциклопедический словарь юного математика / Сост. А. П. Савин. — М.: Педагогика, 1985. — С. 128—130. — 352 с.
- Брагинская Н. В. Календарь Արխիվացված 2010-09-23 Wayback Machine // Мифы народов мира. Т. 1. М., 1991, с. 612—615.
- Бургуэн Ж. де Календарь. История и современность. / пер. с франц. В. Шабаевой. — М.: Издательство Астрель; Издательство АСТ, 2006. — 144 с. — (История. Открытие). — ISBN 5-17-026786-X
- Володомонов Н. В. Календарь: прошлое, настоящее, будущее. — Изд. 2-е, перераб. и доп. — М.: Наука (ГРФМЛ), 1987. — С. 33—35. — 80 с. — 310 000 экз.
- Идельсон Н. И. История календаря // Этюды по истории небесной механики. — М.: Наука, 1975. — С. 308—411.
- Климишин И. А. Календарь и хронология. — Изд. 3. — М.: Наука, 1990. — С. 351—355. — 478 с. — 105 000 экз. — ISBN 5-02-014354-5.
- Кудер П. Календарь. — М.: АСТ, 2004. — 160 с. — (Cogito, ergo sum: «Университетская библиотека»). — ISBN 5-17-025703-1
- Куликов С. Нить времён. Малая энциклопедия календаря с заметками на полях газет. — М.: Наука, 1991. — С. 162. — 288 с. — 200 000 экз. — ISBN 5-02-014563-7.
- Annus // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885.
- Полак И. Ф. Время и календарь. — М.: Гостехиздат, 1947. — 44 с. — (Научно-популярная библиотека). — 500 000 экз.
- Селешников С. И. История календаря и хронология. — М.: Наука, 1970. — 224 с.
- Хренов Л. С., Голуб И. Я. Время и календарь. — М.: Наука (ГРФМЛ), 1989. — С. 83—93. — 128 с. — 250 000 экз. — ISBN 5-02-014072-4.
Արտաքին հղումներ
- Հայկական Հանրագիտարան
- Կայք օրացույցների մասին (ռուս.)
- Պատմական օրացույց (ռուս.)
- Օրացույցի պատմությունն ու ժամանակագրություն. Ս. Ի. Սելեշնիկով
- Вечный календарь. Удобно посмотреть на любой год. (ռուս.)
- Календарь на один век — файлы для печати календарей на большие сроки.
Ընթերցե՛ք «օրացույց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրացույց» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրացույց» հոդվածին։ |
|