Effects of the storage conditions on the stability of natural and synthetic cannabis in biological matrices for forensic toxicology analysis: An update from the literature
Բովանդակություն
Հին հունարեն | |
---|---|
Տեսակ | լեզու և պատմական լեզու |
Ենթադաս | Հելլենական լեզուներ[1] |
Երկրներ | Արևելյան Միջերկրական |
Պաշտոնական կարգավիճակ | Հռոմեական կայսրություն, Բյուզանդիա |
Ռեյտինգ | 4-րդ դարից՝ մեռյալ |
Գրերի համակարգ | Հունական այբուբեն |
IETF | grc |
ԳՕՍՏ 7.75–97 | —anci1242 |
ISO 639-1 | — |
ISO 639-2 | — |
ISO 639-3 | — |
Ancient Greek language Վիքիպահեստում |
Հին հունարեն (հուն․՝ Αρχαία ελληνική γλώσσα), հնդեվրոպական լեզվախմբի լեզու[2], հունարենի նախնին, որը տարածված է եղել հունական մարդաշխարհում մ.թ.ա. 2 հազարամյակից մինչև մ. թ. 6-րդ դար։
Առանձնացնում են լեզվի զարգացման տարբեր ժամանակահատվածներ՝ նախահունարեն (մ.թ.ա. 20-17-րդ դարեր), միկեներեն (մ.թ.ա.16-12-րդ դարեր), պոստմիկեներեն (մ.թ.ա. 11-9-րդ դարեր), հնամենի (մ.թ.ա. 8-6-րդ դարեր), դասական (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), հելենիստական (մ.թ.ա. 3-րդ դարից - մ.թ. 6-րդ դար)։ Լեզվի զարգացման ամեն աստիճանին եղել են զգալիորեն տարբերվող բարբառներ[3]։
Հին հունարենը Պտղոմեոսի, Հոմերոսի և այլ դասական հույն գրողների լեզուն էր եղել։ Միջնադարում դարձել է Բյուզանդիայի գրական լեզուն, դասականի կարգավիճակ է ստացել Արևելյան Եվրոպայում Վերածննդի ժամանակ և ազդել է նոր հունարենի - կաֆարևուսայի զարգացմանը։
Գրություն
Αα — Ալֆա, Ββ — Բետա, Γγ — Գամմա, Δδ — Դելտա, Εε — Էպսիլոն, Ζζ — Ձետա, Ηη — Էտա, Θθ — Տետա, Ιι — Յոտա, Κκ — Կապպա, Λλ — Լյամբդա, Μμ — Մյու, Νν — Նյու, Ξξ — Քսի, Οο — Օմիկրոն, Ππ — Պի, Ρρ — Ռո, Σσς — Սիգմա, Ττ — Տաու, Υυ — Իփսիլոն, Φφ — Ֆի, Χχ — Խի, Ψψ — Փսի, Ωω — Օմեգա[4]։
Հին հույներն օգտագործում էին հունական այբուբեն՝ ծագած, ինչպես համարվում է, փյունիկյան գրությունից[5]։ Դասական վիճակում հունական այբուբենը՝ բաղկացած 24 տառից, ձևավորվել է Ք. ա. 5-րդ դարում։ Հնագույն արձանագրություններում գրությունը աջից ձախ է, ապա որոշ ժամանակ կիրառվում էր պարուրաձև (բուստրոֆեդոն, հունարեն՝ «եզան շրջադարձ») գրությունը, երբ գրության ուղղությունը հերթով փոխվում էր տողից տող։ Ք. ա. 4-րդ դարում վերջնականապես հաստատվեց ժամանակակից՝ ձախից աջ գրությունը։ Հելլենիզմի շրջանի արձանագրություններում սկսեցին կիրառվել վերտողային նշաններ՝ արտահայտելու շեշտի երեք և շնչեղացման երկու տեսակները։
Լեզվաբանական բնութագիր
Հնչյունաբանություն
Բաղաձայնական համակարգ
Շրթնային | Առաջնալեզվային | Ետնալեզվային | ||
---|---|---|---|---|
Շչական հպական | Ձայնեղ | β [b] | δ [d] | γ [g] |
Խուլ | π [p] | τ [t] | κ [k] | |
Շնչեղ | φ [pʰ] | θ [tʰ] | χ [kʰ] | |
Ձայնորդ | Ռնգային | μ [m] | ν [n] | |
Նայական | λ [l] ρ [r] [rʰ] | |||
Հպաշփական | ψ [ps] | ζ [ds] [sd] | ξ [ks] | |
Շփական | Նեղվածքային | ϝ [w] | σ [s] |
Հին հունարենի բաղաձայնները (σύμφωνον — բաղաձայն) 17-ն են։ Դասական շրջանում [φ], [θ], [χ] հնչյունները արտասանվել են որպես շնչեղ [pʰ], [tʰ], [kʰ], որը ապացուցվում է հին հունարենի հետ լատինական համապատասխանություններից։ Հպական բաղաձայնները մինչգրային շրջանում ընկել են բառի վերջից, որի արդյունքում բառը մշտապես վերջանում է կամ ձայնավոր, կամ ν, ρ, ς բաղաձայն հնչյուններով։ ζ [ds], ξ [ks], ψ [ps] հնչյունները բառի վերջում կարող են հանդես գալ և՛ որպես առանձին հնչույթ, և՛ բառի երկու հատվածներում ձայնավորի հետ համադրմամբ։ Դիգամմա Ϝ-ով նշվող հնչյունը երկար ժամանակ պահպանվել է դորիական և էոլիական բարբառներում՝ ի տարբերություն ատտիկական բարբառի, որից անհետացել է դեռևս մինչդասական շրջանում։
Ձայնավորներ
Հին հունարենն աչքի է ընկնում հարուստ ձայնավորական համակարգով (φωνῆεν — ձայնավոր), որը բաժանված էր միաբարբառների և երկբարբառների, ընդ որում երկու ձայանավորային ձևերն էլ ունեին կարճ և երկար տարբերակներ։ Միաբարբառային ձայանավորական համակարգը ներառում է 10 հնչույթ՝ 5-ական երկար և կարճ ձևերով, որոնցից ε և ο հնչյունները միշտ կարճ են, η և ω հնչյունները՝ երկար, իսկ α, ι, υ ձայնավորները կարող են լինել և՛ երկար, և՛ կարճ։
Կարճ | α [a] | ο [o] | ε [e] | ι [ i] | υ [ y] |
---|---|---|---|---|---|
Երկար | ᾱ [aː] | ω [ɔː] | η [ɛː] | ῑ [ iː] | ῡ [ yː] |
Հնչյունի երկարությունն ունեցել է իմաստազատիչ նշանակություն, հարաբերությունը եղել է մոտ 1։2։ Սկզբանե գրավոր տեքստերում հնչյունի տարբերակման համար են համապատասխանաբար հանդես եկել ε և η, ο և ω տառային ձևերը։ Մնացած դեպքերում հարմարության համար հունական տառերի վրա դրվում է երկարության՝ ˉ և կարճության՝ ˘ լատինական նշանները։
Առաջնային շարք | Ետին շարք | ||
---|---|---|---|
Ոչ շրթնայնացված | Շրթնայնացված | ||
Փակ ձայնավոր | i iː | y yː | |
Փակ-միջին ձայնավոր | e eː | ο οː | |
Բաց-միջին ձայնավոր | εː | ɔː | |
Բաց ձայնավոր | α αː |
Երկբարբառներ
Հին հունարենի առանձնահատկություններից է համահնդեվրոպական երկբարբառների մեծամասնության պահպանումը լեզվում (δίφθογγοι — «երկձայնավոր»)՝ առաջին հերթին որպես ձայնավորների զուգակցում ձայնորդների (կիսաձայնների) հետ։ Որպես երկրորդ բաղադրիչ կարող են հանդես գալ ι և υ ձայնավորները։ Տարբերում են հստակ (սեփական) և անորոշ (ոչ հստակ, ոչ սեփական, թաքնված) երկբարբառներ։
Հստակ երկբարբառներ | αι [ai] | ει [ei] | οι [oi] | υι [üi] | αυ [aü] | ευ [eü] [ẹ] | ου [oü] [ọ] |
---|---|---|---|---|---|---|---|
Ոչ հստակ երկբարբառներ | ᾱι [āi] | ηι [ēi] | ωι [ōi] | (ηυ [ēü]) | (ωυ [ōü]) |
Հստակ երկբարբառները երկար են, հնչել են որպես երկու ձայնավոր (բայց մի վանկում), αι և οι կարող են լինել բառի վերջում և՛ երկար, և ՛ կարճ, երկրորդ եպքում երկրորդ բաղադրիչը թուլանում է և կարող է հնչել որպես [j]։ Երկգիր ει և ου ոչ միշտ են նշանակել երկբարբառ [ei] և [oü]։ Երբեմն դրանք դրվել են նշանակելու [ẹ] և [ọ] երկար կրծքային հնչյունները՝ այսպես կոչված «կեղծ երկբարբառները»։ Ընդհանրապես ου երկբարբառը Ք. ա. 5-րդ դարի վերջին սկսեց փոխվել [u] մենաբարբառի, բայց ավանդաբար շարունակվեց ου երկգիր գրությունը։ Ինչ վերաբերում է տարբեր վանկերում երկու ձայնավորներին, այսինքն՝ երբ 2 ձայնավոր գտնվում են իրար կողք, բայց չեն կազմում երկբարբառ, ι կամ υ երկրորդ բաղադրիչի վրա դրվում է ումլաուտ, օրինակ՝ αϋ։
Թաքնված երկբարբառներ են երեք զուգակցումներ՝ αι [āi], ηι [ēi], ωι [ōi], որոնք ատտիկյան բարբառում Ք. ա. II—I դարերում կորցրել են վերջավոր տարրը։ Հետագայում Բյուզանդիայում 12-րդ դարից վերականգնվեց երկգրությունը, տառի ներքևում գրվում էր փոքր յոտա, որն ստացել է «ստորագիր յոտա» անվանումը, օրինակ՝ ᾄδω՝ «Ես երգում եմ»։ Չնայած երկրորդ բաղադրիչը չէր արտաբերվում՝ նախկին երկբարբառը որոշ ձևաբանական կարգերի ցուցիչ էր (օրինակ՝ եզակի տրական հոլովը թեմատիկ (ο/ε) հոլովների ժամանակ), որտեղ ստորագիր յոտան հանդես էր գալիս ձևային տարբերակման գործառույթով, ինչպես՝ նշված եզակի տրական ձևում և թեմատիկ խոնարհման ուղղական/հայցական երկակի թվում, սեռական և տրական հոլովներում ատտիկյան խոնարհման ժամանակ։ Թաքնված երկբարբառի՝ բառասկզբում հայտնվելու և մեծատառով գրվելու անհրաժեշտության դեպքում յոտան չի գրվում ստորագիր, այլ գրվում է կողքին և կոչվում է համապատասխանաբար «առդիր (կցված) յոտա»։ Առաջին բաղադրիչում երկար ձայնավոր և երկրորդում υ ունեցող երկբարբառներից ատտիկյան բարբառում պահպանվել է ηυ երկբարբառը, որը հանդես է գալիս միայն որոշակի բայաձևերում։ Երկբարբառ ωυ գոյություն է ունեցել այլ հոնիական բարբառներում, բայց ոչ ատտիկյանում։
Շեշտ
Հին հունարենում բառային շեշտը երաժշտական էր, որը բնութագրվում է շեշտվող ձայնավորի հնչողության փոփոխությամբ։ Կարճ (մեկ ամանակ ունեցող) շեշտվող ձայնավորը կարող էր ունենալ միայն բարձրացող հնչողություն, որը նշվում է ուժգին, սուր շեշտի նշանով՝ ´, երկու ամանակային (երկար) ձայնավորները կամ երկբարբառները կարող էին ունենալ ինչպես սուր շեշտ (երկրորդ ամանակում բարձրացող), այնպես էլ պարույկային (բարձրացող-իջնող) շեշտ (˜ կամ ῀ նշանով)՝ բեկվող հնչողությամբ՝ ծագելով առաջին ամանակում և վարընթաց երկրորդ ամանակում։ Շեշտը բառափոխման ժամանակ (բառի տարբեր ձևերում) շարժական է։
Ատտիկյան բարբառում շեշտը որոշվում էր եռավանկի օրենքով (τρεῖς՝ երեք, συλλαβή — վանկ), որն ազատ էր բառի վերջին երեք վանկերի սահմանում։ Բոլոր բառերը բաժանվում էին պարտադիր շեշտ ունեցողների, նախադիր շեշտվող և շեշտազուրկ վերջահար բառերի։ Պարտադիր շեշտ ունեցող բառերը բաժանվում էին հինգ խմբի, որից երեքը սուր շեշտ ունեցող, երբ շեշտը կարող է լինել վերջին վանկերից որևէ մեկում՝
- օքսիտոն - երբ ուժգին շեշտ ունի բառի վերջին վանկը
- պարօքսիտոն - շեշտվում է վերջից երկրորդ վանկը
- պրոպարօքսիտոն - երբ շեշտվում է վերջից երրորդ վանկը (հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերջին վանկը կարճ է)
և երկու տիպ բարձրացող-իջնող շեշտով՝ բառի վերջին երկու վանկերում՝
- պերիսպոմեն - երբ բառի վերջին վանկը բարձրացող-իջնող շեշտով է
- պրոպերիսպոմեն - երբ բարձրացող-իջնող շեշտ ունի նախավերջին վանկը։
Այն բառաձևերը, որոնցում շեշտվում է ոչ վերջին վանկը, միավորված են բարիտոն կոչվող տեսակում (βαρύτονος — ցածր հաճախականություն, βαρύς — ծանր և τόνος — տոն, հնչողություն)։
Շեշտող ձայնավորով սկսվող բառերում, երբ գրվում է մեծատառ, շեշտի նշանը դրվում է տառի ձախ կողմում և ոչ թե վրա։ Մեկ մեծատառով ձայանավորի դեպքում շեշտի նշանը չի դրվում։
Շնչեղացում
Ձայնավորը հին հունարենում բառասկզբի դիրքում բնորոշվում էր շնչեղացմամբ։ Տարբերակվում են շնչեղացման երկու տեսակ՝ թույլ (գրելիս՝ ʼ) և ուժեղ (գրելիս՝ ʽ), որոնք արտահայտվում էին որպես [γ] կամ [h] շփականներ։ Թույլ շնչեղացման բնույթի մասին ոչինչ հայտնի չէ։ [υ] հնչյունը ատտիկյան բարբառում բառասկզբի դիրքում միշտ հնչում էր ուժեղ շնչեղությամբ։
Բաղաձայն ρ հնչյունի վրա բառասկզբում դրվում է ուժեղ շնչեղացման նշան (ῥ), քանի որ այդ դիրքում այն շնչեղ բնույթ ունի, որը արտահայտվում է լատինական փոխառություններում, ինչպես՝ լատին․՝ Rhodus — Հռոդոս։
Շնչեղացման նշանները դրվում են շեշտի նշանների նման․ հստակ երկբարբառներում դրվում են երկրորդ ձայնավորի վրա, մեծատառ ձայնավորով սկսվող բառերում դրվում են տառից ձախ, և ոչ թե վրան, չեն դրվում միայն մեկ մեծատառի առկայության դեպքում։ Ուժգին շեշտի հետ համադրվելու դեպքում շնչեղացման նշանը դրվում է սկզբում (ձախից)։ Պարույկային շեշտի հետ համադրվելիս շնչեղացման նշանը դրվում է դրա վրա։
Վանկ
Հին հունական պոեզիայում զարգացել է առաջին հերթին տաղաչափությունը, բանաստեղծությունների քանակական կողմը՝ հաստատուն ռիթմ, երկար և կարճ հնչյունների հերթագայություն։ Գոյություն է ունեցել պոեզիայի երկու, բանաստեղծության կառուցվածքը որոշող ժանրեր՝ արտասանական և երգեցիկ։ Առաջին ժանրն առանձնանում էր ստեղծագործության բանավոր բովանդակությամբ (ինչպես Հոմերոսի մոտ), և դրա հիմնական տաղաչափական բաժանումը կրկնվող ոտքն էր։ Երկրորդ ժանրի հիմքում երաժշտությունն էր, տաղաչափական շարքն ընդգրկում էր տարբեր ոտքեր, որոնք կարող էին կազմել միմյանցից տարբեր համադրումներ (ինչպես Սապփոյի և Ալքայոսի մոտ)
Հին հունարեն տեքստերի վերընթերցման տիպեր
Բացահայտելով անտիկ ժառանգությունը Վերածննդի դարաշրջանում՝ եվրոպացի գիտնականներն սկսեցին կարդալ հին հունարեն տեքստերը միջնադարյան՝ բյուզանդական արտասանությամբ։ Յոհան Ռեյխլինը նպաստել է այսօրինակ ընթերցման տարածմանը Գերմանիայի տարածքում՝ հետագայում ստանալով «ռեյխլինյան» անվանումը։ Հոլանդացի գիտնական Էրազմ Ռոտերդամցին, համեմատելով հունարեն բառերը և հին հունարենից լատիներեն փոխառությունները, եկավ այն եզրահանգման, որ ռեյխլինյան ընթերցումը արտացոլում է միջնադարյան հունարենի հնչյունաբանությունը, և ոչ թե հին հունարենի, ապա մշակեց ընթերցման այընտրանքային համակարգ։ Սակայն էրազմյան ընթերցումը նույնպես լիովին չի արտացոլում հին հունարենի հնչյունաբանությունը՝ որոշ չափով կամայական լինելով։ Ժամանակակից հունարենի ընթերցման կանոնները փաստացի համապատասխանում են ռեյխլինյան արտասանությանը, դրան են համապատասխան նաև հին հունարեն տեքստերի ընթերցումը ծիսական պրակտիկայում, միևնույն ժամանակ աշխարհիկ ուսումնական հաստատություններում ընդունված է հին հունարենի ուսուցումը էրազմյան ընթերցմամբ, որը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ տարածքի հնչյունական առանձնահատկություններից։ Օրինակ՝ գերմանացիները կարող են ευ երկբարբառը կարդալ [oj], քանի որ դրա գրադարձությամբ գերմաներենով eu կարդացվում է այդպես։ Ներքևի աղյուսակում տրված են ռեյխլինյան և էրազմյան արտասանությունների տարբերությունները։
Գրություն | Ռեյխլինյան | Էրազմյան |
---|---|---|
ι | [i] | [i] |
η | [i] | [ē] |
υ | [i] | [ü] |
αι | [e] | [aj] |
ει | [i] | [ej] |
οι | [e] | [oj] |
υι | [e] | [üj] |
αυ | [av], [af] | [aw] |
ευ | [ev], [ef] | [ew] |
β | [v] | [b] |
γ | [γ] | [g] |
θ | [θ] | [tʰ] |
φ | [f] | [pʰ] |
χ | [χ] | [kʰ] |
ζ | [z] | [dz] |
῾ | − | [h] |
Ձևաբանություն
Հին հունարենը, ինչպես շատ հնդեվրոպական լեզուներ, աչքի է ընկնում ուժեղ զարգացած համադրական կառուցվածքով, որը պահպանել է արխաիկ նախահնդեվրոպական ձևերի հիմնական գծերը։ Բայն ուներ թեքման չորս եղանակ (սահմանական, հրամայական, ստորադասական, ըղձական), երեք սեռ (ներգործական, կրավորական և միջին), երեք դեմք (առաջին, երկրորդ, երրորդ), ինչպես նաև հնարավոր էր խոնարհումը երեք թվով (եզակի, երկակի, հոգնակի, բայց երկակի թվով միայն երկրորդ և երրորդ դեմքերի դեպքում)։ Բայերը խոնարհվում էին երեք տեսակի հիմքերով՝ ներկա ժամանակի հիմք (պրեզենս), որը ցույց է տալիս գործողության զարգացում, աորիստի հիմք, որը ցույց է տալիս ավարտված գործողություն, և պերֆեկտի հիմք, որը ցույց է տալիս բայի գործողություն արդյունքի տեսակետից և արդյունքի ակտուալությունից։
Անուն, τὸ ὄνομα
Բոլոր անուններն ըստ հոլովման տիպի բաժանվում են 2 խմբի, առաջին խմբում են բոլոր անունները՝ բացառությամբ անձնական դերանունների, որոնք կազմում են երկրորդ խումբը։ Հին հունարենում անուններն ունեն երեք կարգ՝ սեռ, թիվ և հոլով։
Սեռի կարգը գոյականների դեպքում դասակարգելի է (ոչ փոփոխական), մյուսների դեպքում՝ համաձայնվում է (ինչպես ածականների դեպքում) և կարող է ընդհանրապես բացակայել (ինչպես անձնական դերանունների դեպքում)։ Հին հունարենն ունի երեք սեռ։
Անունները կարող են ունենալ երեք թիվ՝ եզակի, երկակի և հոգնակի։ Երկակի թիվը կիրառվում էր երկու առարկա ցույց տալու համար և ուներ հատվածավոր հոլովում՝ կազմված երկու հոլովներից՝ ուղղական-կոչական-հայցական («ուժեղ») և սեռական-տրական («թույլ») հոլովներից։
Հոլովի կարգն իրենից ներկայացնում է նախահնդեվրոպական 8 հոլովների կրճատված 5 հոլովային տարբերակը՝ ուղղական, սեռական, տրական, հայցական և կոչական։ Հոլովները խմբավորվել են ըստ երկու հատկանիշների. մի կողմից ուժեղ (ուղիղխնդրային՝ ուղղական և հայցական) և թույլ (ոչ ուղիղխնդրային՝ սեռական և տրական) հոլովների հակադրությամբ, մյուս կողմից՝ ուղիղ (ուղղական և կոչական) և թեքված (սեռական, տրական և հայցական) հոլովների հակադրությամբ։
Անունների հիմնական խումբը բաժանվում է երեք հոլովումների ըստ հիմքի տիպի.
- երկար (ᾱ) և կարճ (ᾰ) հոլովում կամ I հոլովում, ոչ թեմատիկ, բայց հետո կրել է թեմատիկի ազդեցությունը,
- թեմատիկ (թեմատիկ ձայնավորով) հոլովում ο/ε (o/e) հիմքերով կամ II հոլովում,
- աթեմատիկ հոլովում, որի դեպքում վերջավորությունը հիմքին է միանում առանց կապող ձայնավորի կամ III հոլովում։
Բայ, τὸ ῥῆμα
Հին հունարենում բայն ունի հետևյալ քերականական կարգերը.
- կերպ, τρόπος
- պրեզենսի հիմք (զարգացող գործողության համար)
- աորիստի հիմք (ավարտված գործողության համար)
- պերֆեկտի հիմք (նշանակում է գործողություն նրա արդյունքի տեսանկյունից)։
- ժամանակ, χρόνος
- ներկա ժամանակներ,
- պրեզենս, ἐνεστώς (ներկա ժամանակ, որը ցույց է տալիս դեռևս չավարտված, ընթացքի մեջ գործողություն)
- ֆուտուրում I, μέλλων (ապառնի, որը ցույց է տալիս գործողության վերագրումը ապագային՝ առանց դրա ավարտվածությունից)
- ֆուտուրում II, μέλλων (ոչ ակնհայտ սիգմատիկ ապառնի, որը ձայնորդական կամ -ιδ- հիմքով խմբի համար է, իմաստով համապատասխանում է ֆուտուրում I-ին)
- ֆուտուրում III, μέλλων τετελεσμένος (ապառնի կատարյալ, քիչ գործածական է)
- պերֆեկտ, παρακείμενος (ներկա ժամանակի իմաստով, որը ցույց է տալիս գործողությունը դրա արդյունքի տեսանկյունից),
- պատմական ժամանակներ,
- իմպերֆեկտ, παρατατικός (անկատար անցյալ)
- աորիստ, ἀόριστος (անցյալ կատարյալ)
- պերֆեկտ, παρακείμενος (անցյալ ժամանակի իմաստով, որը ցույց է տալիս գործողությունը դրա արդյունքի տեսանկյունից)
- պլյուսկվամպերֆեկտ, ὑπερσυντέλικος (գործողություն, որը կատարվել է մի անցյալ ժամանակի գործողությունից էլ առաջ)
- ներկա ժամանակներ,
- եղանակ, ἔγκλισις
- սահմանական, ἀποφαντική
- հրամայական, προστακτική
- ստորադասական, ὑποτακτική
- ըղձական, εὐκτική
- սեռ, διάθεσις
- ներգործական, ἐνεργετική
- չեզոք, μέση
- կրավորական, παθητική
- դեմք, πρόσωπον
- առաջին դեմք, πρῶτον
- երկրորդ դեմք, δεύτερον
- երրորդ դեմք, τρίτον
- թիվ, ἀριθμός
- եզակի, ἑνικός
- երկակի, δυϊκός
- հոգնակի, πληθυντικός
Բայը խոնարհվում է երկու եղանակով՝ թեմատիկ (որի դեպքում միավորվում են պրեզենսի վերջավորությունը թեմատիկ ο/ε ձայնավորների միջոցով, այդ բայերը ներգործական սեռի սահմանական եղանակի ներկա ժամանակի առաջին դեմքի եզակի թվում ունեն -ω վերջավորություն) և աթեմատիկ (վերջավորությունները անմիջապես են միավորվում հիմքին, ներգործական սեռի սահմանական եղանակի ներկա ժամանակի եզակի առաջին թվում ունեն -μι վերջավորությունը)։ Հին հունարենում բայն ունի երկու անդեմ ձև՝ ինֆինիտիվ (ἀπαρέμφατον) և ածական դերբայ (μετοχή)։ Բայաձևերի համակարգում հարադրվում են երկու տիպի բայական ածականներ (ῥηματικὰ ἐπίθετα)։
Լեզվական օրինակ
Հոմերոսի «Իլիական»-ի սկիզբը հին հունարենի հնամենի (արքայիկ) շրջանի օրինակ է.
Μῆνιν ἄειδε, θεά, Πηληϊάδεω Ἀχιλῆος
οὐλομένην, ἣ μυρί’ Ἀχαιοῖς ἄλγε’ ἔθηκε,
πολλὰς δ’ ἰφθίμους ψυχὰς Ἄϊδι προΐαψεν
ἡρώων, αὐτοὺς δὲ ἑλώρια τεῦχε κύνεσσιν
οἰωνοῖσί τε πᾶσι· Διὸς δ’ ἐτελείετο βουλή·
ἐξ οὗ δὴ τὰ πρῶτα διαστήτην ἐρίσαντε
Ἀτρεΐδης τε ἄναξ ἀνδρῶν καὶ δῖος Ἀχιλλεύς.
Պլատոնի «Պաշտպանական»-ը հին հունարենի դասական շրջանի ատտիկյան հունարենի նմուշ է.
- Ὅτι μὲν ὑμεῖς, ὦ ἄνδρες Άθηναῖοι, πεπόνθατε ὑπὸ τῶν ἐμῶν κατηγόρων, οὐκ οἶδα: ἐγὼ δ' οὖν καὶ αὐτὸς ὑπ' αὐτῶν ὀλίγου ἐμαυτοῦ ἐπελαθόμην, οὕτω πιθανῶς ἔλεγον. Καίτοι ἀληθές γε ὡς ἔπος εἰπεῖν οὐδὲν εἰρήκασιν.
Լատինական այբուբենով գրադարձմամբ կիրառվում է էրազմյան սխեման.
- Hóti mèn humeîs, ô ándres Athēnaîoi, pepónthate hupò tôn emôn katēgórōn, ouk oîda: egṑ d' oûn kaì autòs hup' autōn olígou emautoû epelathómēn, hoútō pithanôs élegon. Kaítoi alēthés ge hōs épos eipeîn oudèn eirḗkasin.
Միջազգային հնչյունական այբուբենի (IPA) կիրառմամբ.
Աղբյուրներ
Բառարաններ
Ծանոթագրություններ
- ↑ Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 62. — ISBN 0-7126-6612-5
- ↑ «Краткие сведения по истории греческого языка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Волощук В.М., Волощук М.В., Груль И.И., Пособие по древнегреческому языку
- ↑ Woodard 2008, էջեր. 15–17
- ↑ The Development of the Greek Alphabet within the Chronology of the ANE (2009)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին հունարեն» հոդվածին։ |
|