Knowledge Base Wiki

Search for LIMS content across all our Wiki Knowledge Bases.

Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.

ՄԻԱՎ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը։ Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը։ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա։ Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ (անգլ.՝ opportunity, հնարավորություն), քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս։ Դրանք հիմնականում պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակներ են և չարորակ նորագոյացություններ։ Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները։ Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը։

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է։

Պատմություն

Որպես ինքնուրույն հիվանդություն, առաջին անգամ արձանագրվել է 1981 թվականին։ Ներկայումս ՄԻԱՎ վարակի տարածումը ձեռք է բերել համավարակի բնույթ և այն մտնում է մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ։

ՄԻԱՎ-ն առաջին անգամ նկարագրվել է 1981 թվականին ԱՄՆ-ում։ 1983 թվականին բացահայտվել է վարակի խթանիչը և արդեն հետագայում դրա տարբեր կլինիկական ձևերը։ Դրա հիման վրա 1988 թվականին ՄԻԱՎ-ը ընդունվել է որպես նոզոլոգիական ձև (որոշակի հիվանդություն սեփական էթիոլոգիայով և պաթոգենեզով)։ 1981-1989 թվականներին վարակված անհատների թիվը 300-ից հասավ 157 000 մարդու։ Որպես պանդեմիա (լայնամասշտաբ էպիդեմիա) հիվանդությունը սկսեցին դիտարկել 1980-ական թվականներին, երբ վարակվածների թվի աճի հետ մեկտեղ գրանցվում էր նաև վիրուսի տարածում նախկինում դրանից զերծ տարածքների վրա՝ Եվրոպա, Ասիա, Ավստրալիա։

Տարածում

Ներկայումս փաստացի աշխարհի բոլոր երկրներում այս հիվանդությունը գրանցված է։ Առավել մեծ է վարակի տարածման տոկոսը Կենտրոնական Աֆրիկայի, Կարիբյան ծովեզրի երկրների, ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի համար։ Վարակակիրների ընդհանուր տոկոսը 1989 թվականին ըստ տարբեր գնահատումների կազմում էր 5-20 միլիոն մարդ։ Այս ախտահարմամբ տառապում են հատկապես քաղաքների բնակիչները։

Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն ամեն րոպե երկիր մոլորակի վրա ՄԻԱՎ-ով վարակվում է 19 մարդ, իսկ ՁԻԱՀ-ից մահանում է 11 մարդ։

Պատճառագիտությունը և ախտածագում

ՄԻԱՎ վարակի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը։ Այն հայտնաբերվել է 1983 թվականին Պաստերի ինստիտուտում (Ֆրանսիա) ֆրանսիացի կենսաբաններ Լյուկ Մոնտանյեի և Ֆրանսուազա Բարի-Սինուսիի կողմից։

ՄԻԱՎ-ը պատկանում է ռետրովիրուսների ընտանիքի լենտիվիրուսների ենթաընտանիքին։ Սա 100-120 նանոմետր տրամագծով գնդաձև վիրուս է։ Վիրուսի կենտրոնական մասում գտնվում է կոնաձև միջուկը՝ նուկլեոկապսիդը, որի հիմնական սպիտակուցը p24 սպիտակուցն է։ Նուկլեոկապսիդի մեջ պարփակված են ՌՆԹ-ի երկու միատեսակ մոլեկուլ, հետադարձ տրանսկրիպտազա, ինտեգրազա, պրոտեազա ֆերմենտները և գեներ, որոնք համակարգում են ՄԻԱՎ-ի կենսական ցիկլի բոլոր էտապները։ Նուկլեոկապսիդը շրջապատված է մատրիքսով, որը կազմված է p17 սպիտակուցից։ Արտաքինից վիրուսը պատված է ճարպասպիտակուցային թաղանթով։ Այդ թաղանթի ճարպային շերտում գտնվում են գլյուկոպրոտեիդներ (gp), որոնք կարևոր դեր ունեն վիրուսի կողմից թիրախ բջիջները ճանաչելու և դրանց մեջ վիրուսի ներթափանցման գործընթացում։ Իրենց ձևով դրանք նման են սնկի, որի գլխիկը համապատասխանում է թաղանթի արտաքին մասին և կազմված է gp120-ից, իսկ ոտիկը մխրճված է անմիջականորեն թաղանթի մեջ և կազմված է gp41-ից։ Մեկ ոտիկին համապատասխանում է 1-3 գլխիկ։

Բջջի մեջ ներթափանցելու համար վիրուսը նախ պետք է ամրանա դրա մակերեսին։ Այդ փոխազդեցությունը կախված է վիրուսի և թիրախ բջջի արտաքին թաղանթների փոխադարձ համապատասխանությունից։ Դրանք պետք է միմյանց համապատասխանեն այնպես, ինչպես բանալին՝ կողպեքին։ Այն մարկերը, որը ՄԻԱՎ-ին հնարավորություն է տալիս ճանաչելու թիրախ բջիջը, վերջինիս մակերեսին գտնվող CD4+ ընկալիչներն են (CD4+ բջիջներ)։ gp120-ի միջոցով վիրուսը միանում է արտաքին թաղանթի վրա այդպիսի ընկալիչներ ունեցող թիրախ բջիջների հետ (T-լիմֆոցիտներ, մոնոցիտներ, մակրոֆագեր և այլն)։ Դրան հաջորդում է բջջային և վիրուսային թաղանթների միաձուլումը։ gp41-ի մասնակցությամբ վիրուսի և բջջի թաղանթները մերձենում են, որից հետո տեղի է ունենում թաղանթների միաձուլում և վիրուսը ներթափանցում է թիրախ բջջի մեջ։ T-լիմֆոցիտների և մոնոցիտների (մակրոֆագերի) թաղանթներում հայտնաբերվել են քեմոկինային կո-ընկալիչներ, որոնք ակտիվորեն մասնակցում են այս գործընթացին։ Դրանք հայտնի են որպես CCR5 և CXCR4 քեմոռեցեպտորներ։ Վիրուսի նուկլեոկապսիդը, իր ողջ պարունակությամբ, անցնում է ցիտոպլազմա, անջատվում են վիրուսային ՌՆԹ-ն, հետադարձ տրանկրիպտազան և ինտեգրազան։ Հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ ԴՆԹ-ի սինթեզ է սկսվում և առաջանում է ԴՆԹ-պրովիրուս։ Վերջինս թիրախ բջջի ցիտոպլազմայից անցնում է դրա կորիզի մեջ և ՄԻԱՎ-ի ինտեգրազա ֆերմենտի ազդեցությամբ ներդրվում բջջի գենոմում։ Վիրուսային և բջջային գենոմների միաձուլումից հետո սկսվում է ՄԻԱՎ վարակի գաղտնի շրջանը, որի ավարտը բնորոշվում է ԴՆԹ-պրովիրուսի ակտիվացմամբ։ Դարձյալ հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ տեղի է ունենում ԴՆԹ-ի հետադարձ տրանսկրիպցիա ՌՆԹ-ի, ԴՆԹ-պրովիրուսը վերափոխվում է բազմացող ՌՆԹ-վիրուսի, սկսվում է նրա պատճենների վերարտադրումը՝ վիրիոնի բոլոր բաղադրիչների սինթեզով։ Առաջացած վիրիոններն արտազատվում են բջջից բջջաթաղանթի բողբոջման միջոցով։ Այսպիսով, ներթափանցելով թիրախ բջջի մեջ և, տեղակայվելով նրա գենետիկ ապարատում, ՄԻԱՎ-ը պարտադրում է վերջինիս արտադրել հարուցիչի նոր մասնիկներ։ Վարակված բջիջը կարծես վերածվում է ՄԻԱՎ արտադրող գործարանի», սկսում է արտադրել վիրուսի կառուցվածքային մասեր, որոնցից բջջի ներսում հավաքվում» են նոր վիրուսներ։ Դուրս գալով վարակված բջջից՝ դրանք ընդունակ են ախտահարելու նորանոր CD4+ բջիջներ։ Ի վերջո, հյուծվելով՝ ախտահարված CD4+ բջիջները մահանում են։ Հետզհետե դրանց քանակը նվազում է այնքան, որ զարգանում է իմունային անբավարարություն և մարդն անպաշտպան է դառնում տարբեր վարակային և ուռուցքային հիվանդությունների հանդեպ։ Այդ հիվանդություններն սկսում են դրսևորվել ՄԻԱՎ վարակի վերջնային՝ ՁԻԱՀ-ի փուլում։

Այսպիսով՝ ՄԻԱՎ վարակի ախտածագման վճռական գործոններից մեկը CD4+ լիմֆոցիտների ախտահարումն է։ Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում CD4+ լիմֆոցիտների քանակի աստիճանական նվազում և դրանց ֆունկցիայի խանգարում, ինչի հետևանքով ընկճվում է իմունիտետը։ Առողջ օրգանիզմում CD4+ լիմֆոցիտների քանակը 800-1200 է, իսկ ՁԻԱՀ-ի փուլում նվազում է մինչև 200 և ավելի ցածր։ Գոյություն ունի ՄԻԱՎ-ի երկու տեսակ՝ ՄԻԱՎ1 և ՄԻԱՎ2։ ՄԻԱՎ1-ը տարածված է բոլոր մայրցամաքներում և առանցքային դեր է խաղում հիվանդության համաճարակի զարգացման մեջ, իսկ ՄԻԱՎ2-ն ավելի հաճախ հանդիպում է Արևմտյան Աֆրիկայում։

ՄԻԱՎ1-ը և ՄԻԱՎ2-ը տարբերվում են իրենց կառուցվածքային, հակածնային բնութագրերով և ախտաբանական հատկություններով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ՄԻԱՎ1-ն, ի տարբերություն ՄԻԱՎ2-ի, ավելի հեշտ է փոխանցվում, սրա դեպքում վարակման պահից մինչև հիվանդության կլինիկական դրսևորումներն ընկած ժամանակահատվածն ավելի կարճ է։

ՄԻԱՎ1-ը և ՄԻԱՎ2-ն ունեն մի քանի ենթատիպեր (A-J), որոնք տարբեր տարածվածություն ունեն աշխարհում, ինչպես նաև ՄԻԱՎ-ով վարակված բնակչության տարբեր խմբերում։ Օրինակ՝ թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում առավել տարածված է A ենթատիպը, հոմո- և բիսեքսուալների շրջանում՝ B ենթատիպը և այլն։

ՄԻԱՎ-ն ունի խիստ արտահայտված փոփոխականություն։ Սա 10, իսկ ըստ որոշ հեղինակների՝ 100 անգամ գերազանցում է գրիպի վիրուսի փոփոխականությանը։ Նույն հիվանդից կարելի է անջատել ՄԻԱՎ-ի տարբեր ենթատիպեր, որոնք միմյանցից տարբերվում են իրենց կենսաբանական ակտիվությամբ։ Ընդ որում, հիվանդության զարգացմանը զուգընթաց հիվանդի օրգանիզմից անջատվում են ՄԻԱՎ-ի առավել ախտածին և ավելի արագ վերարտադրվող ենթատիպեր։

ՄԻԱՎ-ը բավականին անկայուն է արտաքին միջավայրում։ Սա շատ արագ ոչնչանում է ախտահանիչ նյութերից, ուլտրամանուշակագույն և բոլոր տեսակի իոնացնող ճառագայթներից, 560° C բարձր ջերմաստիճանի պայմաններում 30 րոպեի ընթացքում կորցնում է ակտիվությունը, իսկ եռացնելիս՝ անմիջապես։ ՄԻԱՎ-ը չափազանց զգայուն է մանրէազերծման սովորական մեթոդների նկատմամբ և ոչնչանում է այլ վիրուսների (օրինակ՝ հեպատիտ B-ի) ոչնչացման համար մշակված մեթոդների օգնությամբ։

ՄԻԱՎ վարակի համաճարակաբանություն

ՄԻԱՎ վարակի աղբյուրը ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ են հիվանդության ցանկացած շրջանում։ Նրանց մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվում է օրգանիզմի բոլոր կենսաբանական հեղուկներում, սակայն վարակվելու համար բավարար քանակությամբ վիրուս կա միայն արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների և կրծքի կաթի մեջ։ Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝

  • սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի (հեշտոցային, հետանցքային, բերանային) ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ,
  • արյան միջոցով՝ չախտազերծված ներարկիչներ, ասեղներ և այլ բժշկական պարագաներ ու գործիքներ օգտագործելիս, դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպաստվաստման հետևանքով,
  • ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս։

Փոխանցման ուղիներ

ՄԻԱՎ-ի փոխանցումը սեռական ճանապարհով

  • ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով։
  • ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում։
  • ՄԻԱՎ-ով վարակվելու առումով հետանցքային (անալ) հարաբերություններն առավել վտանգավոր են։ Դա պայմանավորված է նրանով, որ ուղիղ աղիքի լորձաթաղանթի կառուցվածքային առանձնահատկության պատճառով վիրուսն ավելի հեշտ է անցնում արյան մեջ։ ՄԻԱՎ-ով վարակման վտանգի ենթարկվում է ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ զուգընկերը։ Վարակման վտանգն ի հայտ է գալիս դեռևս մինչև սերմնաժայթքումը, երբ արտադրվում է ոչ մեծ քանակությամբ նախասերմնային հեղուկ, որում վիրուսի քանակը կարող է բավարար լինել վարակվելու համար։
  • Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ։ Տղամարդուց կնոջը վիրուսի փոխանցման հավանականությունը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան՝ կնոջից տղամարդուն։ Դա պայմանավորված է նրանով, որ սեռական օրգանների լորձաթաղանթի մակերեսը կանանց մոտ ավելի մեծ է, սերմնահեղուկում էլ ՄԻԱՎ-ի խտությունը շատ ավելի բարձր է, քան հեշտոցային արտազատուկներում։ Կնոջ տարիքը նույնպես որոշակի նշանակություն ունի ՄԻԱՎ-ով վարակման հարցում։ ՄԻԱՎ-ի ներթափանցման համար ամենանպաստավոր գոտին արգանդի վզիկն է, որի լորձաթաղանթի վիճակն առավել նպաստավոր է դրա համար հատկապես մինչև 20 տարեկան և 45-ից բարձր տարիքի կանանց մոտ։ Արգանդի վզիկի էռոզիան, ներարգանդային պարույրները ևս ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող գործոններ են։
  • Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։
  • Թլպատումը նվազեցնում է տղամարդու վարակվելու հավանականությունը։

ՄԻԱՎ-ի փոխանցումը արյան միջոցով

Արյան միջոցով վարակում տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ պարունակող արյունը ներթափանցում է օրգանիզմ լորձաթաղանթներից (աչքի, քթի, բերանի խոռոչի) կամ վնասված մաշկից (համարվում է, որ չվնասված մաշկը հուսալի պատնեշ է վիրուսի համար)։ Վիրուսը կարող է փոխանցվել զանազան բժշկական միջամտությունների ժամանակ, մասնավորապես դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման, արհեստական բեղմնավորման ժամանակ, չախտազերծված ասեղների, ներարկիչների, բժշկական գործիքների օգտագործման ժամանակ, նաև դաջվածքներ կատարելիս։ Չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը լուրջ խնդիր է հատկապես թմրամիջոցների ներարկային օգտագործողների համար, որոնց շրջանում տարածված է թմրամիջոցների համատեղ գործածումը։ Այս դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է ոչ միայն չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով։ Հենց թմրամիջոցն էլ կարող է լինել վարակի փոխանցման գործոն։ ՄԻԱՎ-ը կարող է ներթափանցել դրա մեջ, երբ ընդհանուր տարողությունից թմրամիջոց է վերցվում օգտագործված ներարկիչներով, երբ թմրամիջոցի պատրաստման ժամանակ օգտագործվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդու արյամբ աղտոտված ներարկիչներ, նաև այն դեպքում, երբ առանց ախտազերծման կրկնակի օգտագործվում են բաժակները, գդալները և ֆիլտրերը։ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թմրամիջոցի նույնիսկ մեկանգամյա ներարկման հետևանքով։

ՄԻԱՎ-ի փոխանցումը ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային

Մորից երեխային ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս։ Այս ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունն առանց կանխարգելիչ միջոցառումների իրականացման տատանվում է 25-45 %-ի սահմաններում։ Համալիր կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը նվազեցնել մինչև 1-2 %։ ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և հավանականությունը

  • հղիության ընթացքում՝ 5-10 %,
  • ծննդաբերության ժամանակ՝ 10-20 %,
  • կրծքով կերակրելիս՝ 10-15 %։

Հղիության ընթացքում վարակը փոխանցվում է պտղին ընկերքի միջոցով, երբ այն վնասվում կամ բորբոքվում է։ Նման դեպքերում ընկերքի պաշտպանական հատկությունները թուլանում են՝ հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ։ ՄԻԱՎ-ը կարող է պտղին փոխանցվել ութ շաբաթական հղիությունից սկսած, սակայն հիմնականում դա տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջաններում։ Հղիության ընթացքում պտղի վարակվելու վտանգը կախված է մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունից, նրա ընդհանուր առողջական վիճակից։ Եթե մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունը բարձր է, երեխայի վարակման հավանականությունը մեծանում է։ Սեռավարակների, սակավարյունության, շաքարախտի, երիկամային հիվանդությունների առկայությունը, նաև թմրամիջոցների, ծխախոտի, ալկոհոլի գործածումը կարող են մեծացնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը։ Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս՝ մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով։ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մեծանում է ծննդաբերական գործունեության խանգարումների, երկարատև (4 ժամից ավել տևող) անջուր շրջանի, ծննդաբերության ժամանակ արյունահոսությամբ ուղեկցվող մանկաբարձական միջամտությունների կիրառման (շեքահատում, պտղապարկի հատում և այլն) հետևանքներով։ Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով։

Ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը

ՄԻԱՎ-ը կարող է ապրել և բազմանալ միայն կենդանի բջջի ներսում, իսկ բջջից դուրս այն կարող է գոյատևել շատ կարճ ժամանակ։ Ուստի, ի տարբերություն շատ վիրուսների, ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով։ Հետևաբար հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ կենցաղային շփումների՝ ձեռքով բարևելու, գրկախառնվելու, ընկերական համբույրների ժամանակ, ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, սանհանգույցից օգտվելիս։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ կծող միջատների միջոցով։

Բուժում

Առ այսօր ՄԻԱՎ վարակի արմատական բուժում գոյություն չունի։ Դեռևս չի ստեղծվել այնպիսի դեղ, որը կարողանար օրգանիզմից վտարել ՄԻԱՎ-ը։ Այդ իսկ պատճառով ՄԻԱՎ վարակով պացիենտը բուժում պետք է ստանա իր ողջ կյանքի ընթացքում։

ՄԻԱՎ վարակի բուժման համար այսօր կիրառվում են հակառետրովիրուսային (ՀՌՎ) դեղեր, որոնք խախտում են օրգանիզմում ՄԻԱՎ-ի բազմացման ցիկլը` թույլ չտալով դրան վերարտադրելու իր բազմաթիվ պատճենները։

Ըստ ազդեցության մեխանիզմի ՀՌՎ դեղերը բաժանվում են վեց հիմնական խմբի`

  1. հետադարձ տրանսկրիպտազայի նուկլեոզիդային արգելակիչներ,
  2. հետադարձ տրանսկրիպտազայի ոչ նուկլեոզիդային արգելակիչներ,
  3. պրոթեազայի արգելակիչներ,
  4. միաձուլման արգելակիչներ,
  5. ինտեգրազայի արգելակիչներ,
  6. ներթափանցման արգելակիչներ։

Բուժման նպատակով միաժամանակ նշանակվում է ազդեցության տարբեր մեխանիզմ ունեցող առնվազն 3 դեղ։ Մի քանի դեղերի համակցումն օգնում է խուսափել դրանց նկատմամբ կայունության զարգացումից։

ՀՌՎ բուժումը դանդաղեցնում է ՄԻԱՎ վարակի զարգացումը, մեծացնում ապրելունակությունը, պահպանում կամ բարելավում է իմունային համակարգի վիճակը։ ՀՌՎ դեղերի կիրառումը զգալիորեն նվազեցնում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը, այդ թվում նաև ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային` հնարավորություն տալով նրան ունենալու վարակից զերծ երեխա։ Սա նշանակում է, որ ՀՌՎ բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն։

ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակն այսօր համարվում է քրոնիկ հիվանդություն, որով կարելի է երկար տարիներ ապրել, և այլևս չի նշվում ՄԻԱՎ վարակով պացիենտի կյանքի վերին սահման։ ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ժամանակին բուժում սկսելով և պարտաճանաչորեն այն շարունակելով, կարող է ապրել այնքան, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի։

Արդյունավետ բուժման կարևոր նախապայմանը հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը ժամանակին սկսելն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք անցնեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն՝ անկախ իրենց մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ՀՌՎ բուժում առաջարկվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած բոլոր պացիենտներին՝ անկախ CD4+ լիմֆոցիտների քանակից և հիվանդության կիլինիկական փուլից։

«Հակառետրովիրուսային դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման» կլինիկական ուղեցույց Արխիվացված 2018-12-22 Wayback Machine

Պրոֆիլակտիկա

Ներկա դրությամբ պահպանակները հանդիսանում եմ վարակի սեռական ուղիով տարածման կանխարգելման լավագույն միջոցը։

Նախազգուշության ունիվերսալ միջոցներն են․

  1. ծածկել կամ վիրակապել մաշկի վրայի սպիները և վնասվածքները,
  2. արյան և այլ ֆիզիոլոգիական հեղուկների հետ շփում ունենալուց հետո պետք է ձեռքերը լվանալ օճառով և տաք ջրով,
  3. առօրյա ախտահանող միջոցներով մաքրել արյան և այլ ֆիզիոլոգիական հեղուկների հետքերը իրերի վրայից,
  4. մաքրություն անելուց անպայման պաշտպանական ձեռնոցներ հագնել,
  5. վարակված արյան հետ շփված հագուստը պետք է պահել հատուկ պարկերի մեջ՝ առանձին, լվանալ լվացքատներում, տաք ջրով և նույնպես չորացնել տաք չորացումով։

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԻԱՎ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄԻԱՎ» հոդվածին։