Infrastructure tools to support an effective radiation oncology learning health system
Բովանդակություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապուտջուղ (այլ կիրառումներ)
Կապուտջուղ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Վարչատարածքային միավոր | Օրդուբադի շրջան և Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3904 մետր |
Հարաբերական բարձրություն | 1815 մետր[1] |
Կապուտջուղ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի սահմանագլխին։ Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։ Ունի 3906 մետր բարձրություն[2][3]։ Հանդիսանում է Հայաստանի երկրորդ բարձր գագաթ Արագածից հետո։
Աշխարհագրություն
Ունի 3905 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է մի քանի փոքրիկ ձորակներով։ Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափ, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։ Կազմված է գրանիտներից և մոնցոնիտներից, լանջերն ի վար ունի մի շարք քարակարկառներ։ Նախիջևանի հատվածում Կապուտջուղը ունի Տապանասար կամ Նավասար, Կռնակոչ, Սարի սուրբ Նշան, Ղազարի սար և այլ գագաթնամասերը։ Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը։ Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա. 3-1 հազարամյակներին վերագրվող հազարավոր ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում՝ մի քանի փոքրիկ լճակներ։
Կազմություն և դիրք
Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։ Հարևան լեռնագագաթներից առանձնանում է բարձրադիր (3300-3500 մ) լեռնանցքներով։ Լանջերը զառիթափ են, առանձին մասերում քարափային, մասնատված Գիլան և Ողջի գետերի վտակներով։ Տիրապետում են ռելիեֆի ալպյան ձևերն ու չորրորդական սառցապատման հետքերը՝ կարեր, տրոգներ և մորեններ։ Որոշ տրոգների հատակային մասերում կան լճեր։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումը և ծանրահակ պրոցեսները։ Շատ են քարակարկառները։
Կլիմա
Կլիման լեռնատունդրային է, դաժան։ Կան ֆիռնային դաշտեր, ձնաբծեր։ Մթնոլորտային տեղումները հիմնականում ձյան տեսքով են, խոնավության հաշվեկշիռը դրական է։ Ձնածածկույթի տևողությունը 9-10 ամիս է, անսառնամանիք շրջանը՝ 30-35 օր, տարեկան տեղումները 800-850 մմ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C է, հուլիսինը կամ օգոստոսինը՝ մինչև 10 °C։
Բուսականություն
Տիրապետում են տրագանտները և ձյունամերձ գոտու բուսականությունը։ Գագաթնամերձ գոտին հիմնականում մերկ է, ալպյան մարգագետիններ չկան։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.peakbagger.com/peak.aspx?pid=13249
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 65 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 955 — 992 էջ։
Գրականություն
- Այվազյան, Նախիջևան. Պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 268)։ |